Գեղեցիկի ընկալումը տարբեր մշակույթներում


Այն ինչ մարդուն հոգեհարազատ է և դուր է գալիս՝ գեղեցիկ է:

Գերմանիա
Գերմանուհիները աչքի են ընկնում իրենց սպորտային տվյալներով, ջանասիրությամբ և պահպանողական ոճով։ Գերմանական գեղեցկության կատարելատիպը պարզ է՝ կապույտ աչքեր, բաց գույնի մազեր, նուրբ դիմագծեր, նուրբ և սլացիկ կառուցվածք։  Գերմանուհիների շրջանում վառ դիմահարդարումն այնքան էլ տարածված չէ։ Բացառություն են կազմում այն աղջիկները, որոնք փորձարկումներ են անում՝ կապված մազի ներկի ու եղունգների լաքի վառ գույների հետ։

Ֆրանսիա
Ֆրանսուհիներին բնորոշ են չափավորությունն ու նրբագեղությունը։ Նրանք չեն կրում աչքի ծակող գույների, թափանցիկ կամ շատ կիպ զգեստներ։ Ֆրանսիացի տղամարդիկ համոզված են, որ կանացի գեղեցկությունը նման է լավ  գինու։ Նորաձևության մայրաքաղաք հանդիսացող Ֆրանսիայում գեղեցկության կատարելատիպ է հանդիսանում նրբագեղ, բարեկազմ ու խնամված կինը։ Որքան ավելի տարեց է կինը, այնքան ավելի քիչ է նա դիմահարդարվում։ Ֆրանսուհիները օգտագործում են դժգույն մանիկյուր, և նրանցից օծանելիքի անուշ բույր է գալիս։ Բնականությունն ու թեթևությունն էլ ավելի մեծ հմայք են հաղորդում ֆրանսուհիներին։ Ինչպես ֆրանսիական ասացվածքում է նշվում, «ինքդ քեզ ուրախացնելու համար երբեմն բավական է ընդամենը գլուխդ լվանալ»։  

Չինաստան

Չինուհիները սլացիկ են, նրբագեղ, ոչ այնքան մեծ կրծքով, դժգույն մաշկով, բարակ աղեղնաձև հոնքերով, երկար թարթիչներով և ալ շուրթերով։ Չինաստանում բարձր են գնահատվում երկար ու ուղիղ սև մազերը։ Կանացի հմայքի պարտադիր պայման է համարվում ափերի ու ներբանների փոքր չափը։ Ժամանակին չինացի աղջիկների ոտքերը կապկպում էին վիրակապերով, որպեսզի դրանք դադարեին աճել։ Ըստ չինական պատկերացումների՝  գեղեցկության չափանիշ են հանդիսանում հնազանդ բնավորությունը ու 165-170 սմ հասակը։ Անշուշտ, անհերքելի է, որ վերջին տարիներին չինացիների՝ գեղեցկության մասին պատկերացումներն ավելի ու ավելի շատ են փոխվում արևմտյան մշակույթի ազդեցության տակ։

Իսպանիա

Իսպանացիների պատկերացումների համաձայն կանացի գեղեցկությունը, անկեղծությունն ու զգայականությունն է կյանքի բոլոր ասպարեզներում՝ հագուստի մեջ, զգացմունքների դրսևորման մեջ, գայթակղիչ շարժումների մեջ։  Փարթամ բարեմասնություններով 35-ամյա սլացիկ իսպանուհին չի վախենում ցուցադրել իրեն: Նա կրում է կարճ կիսաշրջազգեստներ և կառուցվածքն ընդգծող կիպ զգեստներ, որոնք աչքի են ընկնում խոր լանջաբացվածքով։ Սև մազերը, մուգ աչքերը և թուխ մաշկն Իսպանիայում կանացի հմայքի գրավականն են համարվում։ Բայց նրանք շիկահերներին նույնպես սիրում են։ Իսպանուհիները պարզապես պաշտում են թանկարժեք զարդեր ու կրքոտ պարեր։ Անգամ ամենագորշ իսպանուհին կարող է նազանքով շարժվել ու պարել։  

Ճապոնիա

Ճապոնացի կանանց հաջողվել է դիմահարդարման ու զանազան ընթացակարգերի շնորհիվ սպիտակամաշկ դառնալ, մի բան, որի մասին շատ ասիացի կանայք են երազում։ Սա աշխարհի ամենահաստագլուխ ազգն է, սակայն նրանք դրանից չեն ամաչում, ընդհակառակը՝ ամեն կերպ ընդգծում են դա։ Նորաձև են համարվում տարբեր գործվածքներից ստեղծված պոմպոններով գլխարկները և փարթամ սանրվածքները։ Ճապոնիայում նիհարությունը, երիտասարդությունը, երկար ու շողշողուն մազերը, ողորկ մաշկը և եվրոպական կտրվածքով աչքերը ևս գեղեցկության մասին են վկայում։ Այդ պատճառով էլ այնտեղ լայն տարածում ունեն աչքերի մեծացման համար կատարվող պլաստիկ վիրահատությունները։ Ճապոնացի կանանց համար իրենց խնամքը մի ողջ ծիսակարգ է, որը տեղի է ունենում ամենաքիչը օրը երկու անգամ։ Համարվում է, որ գեղեցկուհու վարքը պետք է լինի մեղմ ու հնազանդ։

Սաուդյան Արաբիա

Մի քանի տարի առաջ արաբական աշխարհի առաջին գեղեցկուհին դարձավ Սաուդյան Արաբիայի բնակչուհի Մուվադդա Նոուրը, ում քաշը հասնում էր 90 կգ-ի։ Գեղեցկության չափանիշները արաբական երկրներում դարեր շարունակ անփոփոխ են մնում։ Կանայք այստեղ դուրս են գալիս ավանդական երկար զգեստով ու հիջաբով։ Զարմանալի չէ, որ Սաուդյան Արաբիայում խոշոր ու արտահայտիչ աչքերը, հաստ հոնքերը, սպիտակ ատամներն ու բարակ ձեռքերն են համարվում կնոջ գլխավոր բարեմասնությունները։ Ընդ որում, գեղեցիկ համարվող կանայք այստեղ կարող են լինել ամենատարբեր կառուցվածքների։ Այնուամենայնիվ, այստեղ հաճախ նախընտրությունը տրվում է լիքոտ կանանց։ Ժամանակակից սաուդյան կանայք շատ են սիրում բարձրակրունկ կոշիկներ, թանկարժեք պայուսակներ ու զարդեր կրել։

Նորվեգիա

Նորվեգացիների համար կանացի գեղեցկության չափանիշ են համարվում երկար ու բաց գույնի մազերը, փոքրիկ քիթը, լայն կոնքերը ու արտահայտված այտոսկրերը։ Իրենց ազգային հատկանիշները նրանք համարում են ամենից ավելի գեղեցիկը մյուս ազգերի համեմատությամբ։ Ժամանակակից նորվեգուհիները մի շարք եվրոպացի կանանց պես նախընտրում են հարմարավետ հագնվել։  Շատերը հագնվում են սպորտային ոճով և առհասարակ հետաքրքրվում ու զբաղվում են ձմեռային մարզաձևերով, հատկապես դահուկասահքով։ Նրանք հաճույքով պճնվում են տոն օրերին կամ երեկույթներին։ Նրանք առանձնանում են իրենց ինքնավստահությամբ, զսպվածությամբ և անկեղծությամբ, որը երբեմն անգամ իբրև կոպտություն է դիտարկվում։ Հետաքրքրական է, որ այստեղ ավելի շատ ֆեմինիստուհիներ կան, քան ԱՄՆ-ում։

Հարավաֆրիկյան Հանրապետություն
Աֆրիկյան երկրներում դարեր ի վեր գեղեցիկ են համարվել գիրուկ կանայք, քանի որ գիրությունը վկայում էր կնոջ առողջության ու նրա ընտանիքի հարստության մասին։ Երբ արևմտյան ստանդարտները տարածում գտան Հարավաֆրիկյան Հանրապետությունում, այնտեղի որոշ համայնքներում նիհար աղջիկները սկսեցին գեղեցիկ համարվել, սակայն ուրիշներում էլ գերերն էին շարունակում գեղեցկության կատարելատիպ մնալ, իսկ նիհարները՝ դիտվել իբրև հիվանդոտ աղջիկներ։ Տեղի բնակչության շրջանում անցկացված հարցումների համաձայն՝ աֆրիկյան գեղեցիկ դեմքը պետք է դեղնավուն երանգի մաշկ ունենա։ Ընդ որում, նեղ դեմքը ավելի գեղեցիկ է համարվում, քան կլոր դեմքը։ Մի խոսքով, ողջ աշխարհում ընդունված չափորոշիչները Աֆրիկայում էլ են գերիշխող դարձել, թեպետ այնտեղի վայրենի ցեղերը թքած ունեն այդ չափորոշիչների վրա։

Բրազիլիա

Բրազիլիայի կլիմայական պայմաններում շատ դժվար է թաքցնել կազմվածքի ու դեմքի թերությունները հագուստի ու դիմափոշու հաստ շերտի տակ։ Հենց այդ պատճառով էլ բրազիլուհիները գիտեն ինչպես հետևել իրենց արտաքին տեսքին ու պահպանել բնական գեղեցկությունը։ Բրազիլիայում գեղեցկության կատարելատիպ է համարվում լայն կոնքերով, փարթամ կրծքով, երկար ալիքաձև մազերով, հաստ շուրթերով ու փոքր-ինչ վեր ցցված քթով աղջիկը։ Բազում բրազիլուհիներ ցանկանում են ուղիղ շեկ մազեր ունենալ և պատրաստ են դրա համար տարբեր քիմիական միջոցների դիմել։ Կարճ կտրվածքներն այստեղ այնքան էլ տարածված չեն. աղջիկներն ու կանայք թափում կամ կապում են մազերը։ Բրազիլուհիները խոշոր զարդեր են կրում, ընդ որում, նրանք խառնում են թանկարժեք մետաղները և հասարակ զարդարանքները։  

Հնդկաստան

Հնդկաստանում տարածված է այն տեսակետը, որ գեղեցիկ կարելի է լինել միայն հոգու և մարմնի ներդաշնակություն հաստատելով։ Այստեղ ցանկալի է գեղեցկության հասնել ոչ թե հալումաշ անող դիետաների ու կոսմետոլոգիական կենտրոնների, այլ յոգայի ու բնական կոսմետիկայի շնորհիվ։ Այստեղ գեղեցկության գրավականներ են համարվում առողջ տեսքը, կլորավուն բարեմասնությունները և փարթամ կրծքերը, այսինքն՝ այն ամենը, ինչ տղամարդու մոտ վստահություն է առաջացնում, որ տվյալ կինը կարող է լավ մայր լինել իր ապագա երեխաների համար։ Հնդիկ կանանց մաշկը բնականից հաստ է, և հնդկուհիները մեծ ուշադրություն են հատկացնում իրենց մաշկի խնամքին։ Բնիկ հնդկուհիները մազերի քիմիական ներկի փոխարեն նախընտրում են հինա օգտագործել։ Հնդկական հինայով մազերը կարելի է ամենատարբեր գույների ներկել՝ սկսած շեկից մինչև սև։ Վայելչակազմությունը և հեզաճկուն քայլվածքը լրացնում են հնդկուհիների գեղեցկությունը։    

Անգլիա
Կա մի կարծրատիպ, ըստ որի անգլուհիներն այնքան էլ գեղեցիկ չեն։ Անգլիական գեղեցկությունը զուսպ է ու ազնվական. բնական հմայք, նվազագույն դիմահարդարում, հարմարավետ հագուստ, նիհար կազմվածք, պեպեններով պատված դալուկ դեմք։ Շատերը համարում են, որ անգլուհիները հաճախ իրենց տղամարդու պես են պահում, որպեսզի իրենց հետ  հաշվի նստեն։ Անգլուհիները ծերանալուց չեն վախենում, աչքերի շուրջ թեթև կնճիռները գեղեցկության ու հասունության նշան են համարվում այստեղ։

Комментариев нет:

Отправить комментарий