Գենետիկա

Բոլոր կենդանի էակները նման են իրենց ծնողներին, նրանք ժառանգում են նախորդ սերունդների հատկանիշները: Իսկ թե ինչպես է տեղի ունենում ժառանգական հատկանիշների փոխանցումը, ուսումնասիրում է գենետիկան:
Բույսերի և կենդանիների բոլոր տեսակներն իրարից տարբեր են, մեկ տեսակի ներկայացուցիչները նույնպես բոլորովին միանման չեն: Օրինակ՝ մանուշակի ծաղիկները կարող են լինել բազմագույն, իսկ սարդերի արուները էգերից խոշոր են. այդպիսի տարբերությունների մի մասը բացատրվում է ժառանգականությամբ, որը ապահովում է հատկանիշների փոխանցումը սերունդներին:

 Քրոմոսոմներ և գեներ

Հատկանիշները սերունդներին փոխանցվում են քրոմոսոմներ կոչվող գոյացությունների միջոցով: Դրանք գտնվում են բջիջների կորիզների ներսում, և յուրաքանչյուր բջիջ լիակատար տեղեկություն է կրում ամբողջ օրգանիզմի կառուցվածքի մասին: Բջջի կորիզում պարունակվում են շատ քրոմոսոմներ: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր զույգը. զույգերից մեկը մայրական քրոմոսոմն է, մյուսը՝ հայրականը: Բույսերի և կենդանիների բոլոր տեսակները միմյանցից տարբերվում են քրոմոսոմների թվով: Օրինակ՝ մարդկանց քրոմոսոմները 46-ն են և գոյացնում են 23 զույգ:
Քրոմոսոմը բաղկացած է գեներից, որոնցում պարփակված է ժառանգական հատկանիշների մասին տեղեկությունը: Գեներում «գրված է», թե ինչպիսին է լինելու երեխայի աչքերի և մազերի գույնը, ինչպես նաև շատ ուրիշ հատկանիշներ: Բջջի բոլոր քրոմոսոմները միմյանցից տարբերվում են, սակայն նույն հատկանիշը հսկող գեները զույգ են կազմում: Այսինքն յուրաքանչյուր հատկանիշ որոշվում է 2 գենով: Ավելի բարդ հատկանիշները, օրինակ` մարդու մարմնի կառուցվածքը, որոշվում են շատ գեների համատեղ գործունեությամբ: Գեներն ազդում են հատկանիշների զարգացման վրա՝ կանոնավորելով սպիտակուցների սինթեզը: Օրգանիզմի բջիջներում պարունակվում են հազարավոր տարբեր սպիտակուցներ: Յուրաքանչյուր գեն կարգավորում է մեկ կամ մի քանի սպիտակուցների սինթեզը:

Գեների ժառանգաբար փոխանցումը

Բույսերի և կենդանիների նոր օրգանիզմն առաջանում է 2 հատուկ սեռական բջիջների միաձուլումից (յուրաքանչյուր ծնողից` 1 բջիջ): Դրանք օրգանիզմի մյուս բջիջներից տարբերվում են նրանով, որ ունեն քրոմոսոմների ոչ լրիվ հավաք. նրանք կրում են քրոմոսոմների միայն կեսը՝ յուրաքանչյուր զույգից՝ մեկը: Բեղմնավորման ժամանակ արական և իգական սեռական բջիջների միաձուլման արդյունքում քրոմոսոմային հավաքը վերականգնվում է, և նոր օրգանիզմը մորից ստանում է ժառանգական տեղեկության մեկ, հորից՝ մյուս կեսը:

Գերիշխող (դոմինանտ) գեներ

Ժառանգական հատկանիշները որոշվում են մեկ զույգ առաջացնող 2 գենի գործունեությամբ, սակայն նրանցից ո՞րն է գործում, որը` ոչ, կամ՝ գուցե՞ նրանք միասին են աշխատում: Բանն այն է, որ սովորաբար ժառանգած գեներից մեկը մյուս գենի նկատմամբ գերիշխող է, և հատկանիշի զարգացման վրա գերակշռող ազդեցություն է ունենում հենց նա: Օրինակ՝ սիսեռի հատիկն ունի գեներ, որոնք պատասխանատու են սերմերի կնճռոտ կամ հարթ մակերևույթի համար: Սովորաբար բույսը, որը 2 ծնողից ստացել է հարթ մակերևույթով սերմի գենը, կարտադրի միայն հարթ մակերևույթով սերմեր, իսկ բույսը, որը կրում է կնճռոտության 2 գեն, առաջացնում է կնճռոտ մակերեվույթով սերմեր: Սակայն հարթ մակերևույթի զարգացումը հսկող գենը գերիշխող է կնճռոտ մակերևույթով սերմերի գենի նկատմամբ: Այսինքն, եթե բույսը կրում է գեն, ապա նրա մոտ կզարգանան միայն հարթ սերմեր: Գերիշխելու հատկությամբ են բացատրվում նաև բույսերի և կենդանիների թաքնված գեները, որոնք ոչ մի ձևով ի հայտ չեն գալիս:

Գենային ճարտարագիտություն

Գենետիկայի գաղտնիքների մեջ թափանցումը տվել է ժառանգականությունը ղեկավարելու և մարդու համար օգտակար հատկանիշներով բջիջներ ստեղծելու հնարավորություն: Օրինակ՝ միկրոօրգանիզմները (մանրադիտակային միաբջիջ օրգանիզմներ, ինչպիսիք են բակտերիաները և խմորասնկերը) կարելի է փոխել այնպես, որ նրանք սկսեն արտադրել վակցինաներ, շիճուկներ, հորմոններ և այլ նյութեր, որոնք սովորաբար արտադրվում են մարդու օրգանիզմում: Գենային ճարտարագիտությունը կարող է բազմաթիվ գործնական կիրառություններ ունենալ, սակայն մարդիկ խուսափում են դրա լայն կիրառությունից: Որքան էլ հրապուրիչ է այն միտքը, որ հնարավոր կդառնա արհեստական ճանապարհով ստեղծել հատուկ ընտրված հատկանիշներով երեխա, այնուամենայնիվ մարդու կլոնավորումն այսօր արգելված է:

Սեռական քրոմոսոմներ

Արական և իգական օրգանիզմների տարբերությունը պայմանավորված է նրանց սեռական քրոմոսոմներով: XX քրոմոսոմ ունեցող օրգանիզմը կլինի իգական սեռի, XY ունեցողը՝ արական:

Շրջակա միջավայրի ազդեցությունը

Օրգանիզմի ոչ բոլոր հատկանիշներն են բացատրվում ժառանգականությամբ. դրանց մի մասը զարգանում է արտաքին ազդեցությունների և դաստիարակության արդյունքում: Օրինակ՝ մարդը ձեռք է բերում կարդալու և գրելու ունակություն ուսուցման ընթացքում: Ուրիշ հատկանիշներ ու հատկություններ ի հայտ են գալիս ժառանգականության և շրջակա միջավայրի փոխազդեցության արդյունքում: Օրինակ՝ մարդու մարմնի ձևերն ու ուրվագծերը ժառանգական հատկանիշներ են, սակայն դրանք կախված են նաև ընդունած սննդի քանակից և կատարած ֆիզիկական վարժություններից:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը