Հովհաննես Թումանյան Փարվանա

                            I
Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր
Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,
Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝
Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ:
Ասում են՝ էնտեղ արծըվի նըման,
Ծիծղուն, կապուտակ երկընքի ծոցում,
Նըստում էր էն սեգ սարերի արքան
Իրեն Փարվանա ճերմակ ամրոցում:



Փարվանա արքան մի աղջիկ ուներ.
Ու ոչ մի որսկան դեռ իրեն օրում
Էնքան գեղեցիկ եղնիկ չէր տեսել`
Իր որսն անելիս Մըթին սարերում:

Աշխույժ մանկությամբ զարդարում էր նա
Ծերության օրերն ու սարերն իր հոր,
Ու ապրում էր ծեր արքան Փարվանա
Իրեն էն քընքուշ ծաղկով բախտավոր:

Մեծ բախտը սակայն առաջևն էր դեռ.
Եկավ էն օրն էլ հասավ երջանիկ,
Ու ղըրկեց արքան ուրախ դեսպաններ
Ամեն մի ամրոց, ամեն արքունիք:

— Ո՜րտեղ է, ասավ, էն քաջը, թե կա,
Իմ չընաշխարհիկ դըստերն արժանի,
Թող առնի իր ձին, իր զենքն ու զըրահ,
Գա՜, ցույց տա իրեն, իր բախտը տանի…
II



Հագած, կապած զենք ու զըրահ,
Ձիանք հեծած ամեհի,
Ահա եկել հավաքվել են
Կըտրիճները Կովկասի,
Ծեր Փարվանա թագավորի
Ապարանքի հանդիման
Կազմ ու պատրաստ սպասում են
Մոտիկ ժամին մըրցության:
Ըսպասում է ողջ աշխարհքը՝
Եկած, կիտված Փարվանա,
Թե ո՞ր կըտրիճն արդյոք պիտի
Էն սիրունին տիրանա:

Հընչեց փողը: Ահա փունջ-փունջ
Դըրանիկներ, նաժիշտներ,
Ահա աղջիկն իր նազելի
Ու թագավորն ալեհեր:
Հայրը ինչպես մըռայլ մի ամպ,
Աղջիկն անուշ մի լուսին,
Ամպ ու լուսին իրար փարված՝
Դուրս են գալի միասին:
Հառաչում է ողջ աշխարհքը.
Կըտրիճները, քարացած,
Երազների մեջ են ընկնում՝
Էս աշխարհքից վերացած:
— Նայի՛ր, դստրի՛կ, իշխանազուն
Էս քաջերին լայնալանջ,
Այժմ պիտի հանդես դուրս գան,
Պայքար մըտնեն քո առաջ.
Մեկը իրեն ուժը ցույց տա,
Մյուսը՝ շընորհքն իր բազկի,
Ո՛րը՝ ճարպիկ ձիարշավը,
Ո՛րն էլ՝ թափը իր վազքի:
Իսկ երբ կըռիվն առնի դադար,
Հայտնի լինին քաջն ու վատ,
Ու երբ անցնեն մեր առջևից
Կըտրիճները պայազատ,
Ընտրի՛ր, զարկի՛ր ձեռքիդ խնձորն
Անհաղթներից անհաղթին,
Որ ողջ աշխարհ մայիլ մընա
Անզուգական քո բախտին:
Ասավ արքան, ձեռքը ձըգեց,
Նըշան տըվավ պայքարին,
Այնինչ՝ աղջիկն առաջ եկավ՝
Կարմիր խնձորն իր ձեռին:
— Գուցե, հայրի՛կ, տըկար լավին
Հաղթի մի վես տըմարդի,
Բայց չի կարող լինել երբեք
Նա սիրելին իմ սըրտի…
— Է՜յ, Փարվանա չըքնաղ փերի,
Ի՞նչն է հավան քո սըրտին,—
Խըռնըվում են կըտրիճները,
Խընդրում կըրկին ու կըրկին:

— Գա՞նձ ես ուզում, ոսկի՞, արծա՞թ,
Անգին քարեր ու գոհա՞ր,
Ա՞ստղ ես ուզում, էլ երկընքից
Վար կըբերենք քեզ համար:
— Ինչի՞ս են պետք ոսկին, արծաթ
Եվ կամ աստղը երկընքի,
Ոչ էլ գոհար եմ պահանջում
Սեր-ընկերից իմ կյանքի:
Ես նըրանից հուր եմ ուզում,
Անշեջ հուրը սըրբազան,
Ով կըբերի անշեջ հուրը,
Նա է ընտրած իմ փեսան…

Ասավ աղջիկն, իրար անցան
Կըտրիճները քաջարի,
Ձիանք հեծած թըռան հապճեպ
Դեպի չորս կողմն աշխարհի:
Թըռա՜ն, շուտով գըտնեն, բերեն
Անշեջ հուրը աղջըկան.
Բայց… տարիք են գալի՜ս, գընո՜ւմ,
Նըրանք չըկան ու չըկան…
III



— Հայրի՛կ, ինչո՞ւ ետ չըդարձան
Էն քաջերը սիրատենչ.
Մի՞թե, հայրի՛կ, ինձ մոռացան,
Էլ չեն բերիլ հուրն անշեջ:

— Ո՜չ, իմ դըստրիկ, կըգան անշուշտ
Ու կըբերեն էս տարի.
Կըռիվներով արյունըռուշտ
Լիքն է ճամփեն քաջերի:
Ո՜վ իմանա, պետք է անցնեն
Մութ աշխարհքից, սև ջըրից.
Ո՜վ իմանա, պետք է փախցնեն
Յոթգըլխանի դևերից:

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
— Ո՜ւր է, հայրի՛կ, ե՞րբ կըգա նա՝
Սարից թըռած ձիավոր:

Միշտ երազում ես տեսնում եմ
Էն հերոսին ապագա.
Հուր կարոտով թըռած իմ դեմ,
Լուսանում է… ու չըկա:

— Կըգա, դըստրի՛կ, իմ թանկագին,
Հեշտ չի բերվում հուրն անշեջ.
Շատ-շատ անգամ բերող հոգին
Ինքն է այրվում նըրա մեջ…

Անց է կենում դարձյալ տարին:
Նայում է կույսն ամեն օր.
Ոչ մի սարից, ոչ մի ճամփում
Չի երևում ձիավոր:
— Հայրի՛կ, հայրի՛կ, մի՞թե չըկա
Էս աշխարհքում անշեջ հուր.
Թառամում է սիրտըս ահա,
Պաղ է էս կյանքն ու տըխուր…

Էլ չի խոսում. մռայլ, տըրտում,
Լուռ է արքան ալևոր,
Սև-սև ցավերն իրեն սըրտում՝
Միտք է անում գըլխակոր:
IV


Էսպես անցան շատ տարիներ.
Տըխուր աղջիկն արքայի
Նայե՜ց, նայե՜ց սարերն ի վեր
Ճամփաներին ամայի,
Հույսը հատավ… ու լաց եղավ.
Էնքա՜ն արավ լաց ու կոծ,
Որ լիճ կըտրեց արտասուքը,
Ծածկեց քաղաքն ու ամրոց.
Ծածկե՜ց, կորա՜ն, ինքն էլ հետը…
Այժըմ էնտեղ տըրտմաշուք
Խոր Փարվանա լիճն է ծըփում,
Հըստա՜կ, ինչպես արտասուք:
Ու էն վըճիտ ջըրերի տակ
Ցույց են տալի մինչ էսօր
Ծեր արքայի ճերմակ ամրոցն
Ու շենքերը փառավոր:
* * *


Ասում են, էն թիթեռները,
Որ գիշերվա խավարում,
Որտեղ ճըրագ, որտեղ կըրակ,
Որտեղ լույս է հենց վառվում,
Հավաքվում են, շուրջը պատում,
Մեջն են ընկնում խելագար,
Ասում են, թե էն Փարվանա
Ջահիլներն են սիրավառ:
Ըշտապելուց թև են առել,
Դարձել թեթև թիթեռներ,
Ու տակավին հուր տեսնելիս՝
Մեջն են ընկնում անհամբեր.
Ջանք է անում ամեն մինը,
Շուտով տանի, տիրանա…
Ու այրվում են, այրվո՜ւմ անվերջ
Կըտրիճները Փարվանա:

Թումանյանի նամակը՝ Տերյանին

Մեր սիրելի երիտասարդ դասախոսը, որ էնքան բանաստեղծորեն խոսեց մեր տաղանդավոր բանաստեղծ Տերյանի քնարի մասին, հայտնեց նաև մի շատ տարածված կարծիք, թե Տերյանը զուրկ է տեղայնությունից և հարազատ չի մեզ։ Ինձ թվում է, որ էդ կարծիքը սխալ է։
Չմտնելով քննության մեջ, թե ինչ է հարազատությունը և ինչ նշաններով է արտահայտվում, ես գտնում եմ, որ նրա թախիծն ու երազները, մշուշն ու աղջամուղջը խորթ չեն մեր երկրին ու մեր հոգուն։ Ես եղել եմ էն երկնքին մոտիկ լեռնադաշտում, ուր ծնվել է Տերյանը, և կարծես թե նա լիքն է էն մշուշային թախիծով ու քնքույշ երազներով, որ բնորոշում են մեր տաղանդավոր բանաստեղծի քնարը։ Վերջապես թախիծն ու երազը խորթ չեն հայի հոգուն, և մենք շատ երազկոտ ժողովուրդ ենք։
Խոսեց և նրա երգերի մոնոտոնության մասին, և լսողները շատ հեշտ կարող են սրա տակ ձանձրալին հասկանալ։ Բայց դուք, ինչպես ամեն բանաստեղծի, էնպես էլ Տերյանի լավ երգերն առեք և բանաստեղծական գոհարներ կտեսնեք, որ ձեզ բարձր գեղարվեստական հաճույքներ կտան։ Չպետք է մոռանալ և էն հանգամանքը, որ Տերյանը դեռ տվել է իր առաջին շրջանի երգերը, և այժմ ինչպես ինքն է գրում իր վերջին երգերից մեկում, նոր արշալույս ու նոր հորիզոն, նոր կյանք է ողջունում։

Թումանյանի քառյակներից

* * *
Երնեկ էսպես` անվերջ քեզ հետ` իմ կյանքի հետ լինեի,
Հազար երնեկ` դաշտում մենակ` երկնքի հետ լինեի.
Բայց ո՜վ կտա էն վայելքը` ինքս ինձ էլ չզգայի,
Ու հալվեի, ծավալվեի, ամենքի հետ լինեի…
* * *
Ամեն անգամ Քո տվածից երբ մի բան ես Դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՜նչքան է դեռ մնում,
Զարմանում եմ, թե` ո՛վ Շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ Քեզ տալու, որ միանանք մենք նորից:
* * *
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՜նչ կա որ.
Ես եղել եմ, կա՜մ, կլինեմ հար ու հավետ, ի՜նչ կա որ.
Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր,
Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՜նչ կա որ:
* * *
Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.
Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.
Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,
Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:
* * *
Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:
* * *
Արևելքի եդեմներին իջավ պայծառ իրիկուն,
Հեքիաթական պալատներում սպասում են իմ հոգուն.
Ի՜նչ եմ շինում էս ցեխերում, աղմուկի մեջ վայրենի…
Ա՜խ, թե նորից գտնեմ ճամփան դեպի էնտե՜ղ, դեպի տու՜ն…

* * *
Անց կացա՜ն…
Օրերս թըռան, ա՜նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՜նց կացա՜ն:
* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ էլավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ:
* * *
Հիմա բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես.
Ջա՜ն, հայրենի ծղրիդներ,
Ո՞վ է լսում հիմի ձեզ:
* * *
Ու՞ր կորա՜ն…
Մոտիկներս ու՞ր կորա՜ն,
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չտվին, լու՜ռ կորան:
* * *
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցարի արանքում:
* * *
Ծով է իմ վիշտն անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով:
* * *
Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՞ դու էլ ես մահացու.-
Մահի ահ կա իմ սրտում:
* * *
Ով՜ իմանա` ու՛ր ընկանք,
Քանի օրվա հյուր ընկանք.
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զու՜ր ընկանք:
* * *
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել, լույս տվել,
Լույս տալով եմ սպառվել:
* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
* * *
Հոգիս` տանը հաստատվել,
Տիեզերքն է ողջ պատել.
Տիեզերքի տերն եմ ես,
Ո՞վ է արդյոք նկատել:
* * *
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն, ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին:

Թումանյանի դստեր՝ Նվարդի հուշերից

***
Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:

Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:

***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:

***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին: Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ: 
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:

***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:

***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները: Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:

***
Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:

***
Աստղաբաշխության վերաբերյալ գրքեր էր գնել և միշտ կարդում էր: Հանքաքարերի կոլեկցիա էր գնել, ալբոմներ և ուսումնասիրում էր քարերի զանազան տեսակները: Շատ էր ուզում, որ իր որդիներից որևէ մեկը երկրաբան դառնա: Իր մեծ տղային, որը բնագիտությամբ էր պարապում, խորհուրդ էր տալիս որպես մասնագիտություն ընտրի երկրաբանությունը: «Լոռին մեծ ապագա ունի,- ասում էր նա,- հանքերով հարուստ երկիր է. երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, ա´յ ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքի տերն են տարձել…»:

***
Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը: 
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:

***
Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ: Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից: Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

Գրքի տոնը Խնկո Ապոր մանկական գրադարանում




Այսոր գիրք նվիրելու տոնն էր: Մի խումբ սովորողներով գնացինք Խնկո Ապոր գրադարան՝  ներկայացնելու նրանց նոր գիրքը՝ Ջանի Ռոդարի «Պատմվածքներ հեռախոսով»: Այն շատ հետաքրքիր էր: Հանդիսատեսին պատմեցինք մի քանի հեքիաթներ գրքից, որպեսզի ավելի լավ ծանոթանան դրա բովանդակությանը: Շրջեցինք և ծանոթացանք նաև մյուս հրատարակչությունների գրքերին: Վերջում էլ մեզ այդ գրքից նվիրեցին և ես անհամբեր կարդում եմ այն: Լավ տպավորություններով էլ վերադարձանք դպրոց:

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարան

Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ

Հովհաննես Թումանյան.բանաստեղծություններ


ԻՄ ԵՐԳԸ
Գանձեր ունեմ անտա՜կ, անծե՜ր,
Ես հարուստ եմ, ջա՜ն, ես հարուստ,
Ծով բարություն, շնորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ։
Անհուն հանքը իմ գանձերի,
Սիրտս է առատ, լեն ու ազատ.
Ինչքան էլ որ բաշխեմ ձրի—
Սերն անվերջ է, բարին՝ անհատ։
Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից,
Աշխարհքով մին՝ ահա էսպես
Շաղ եմ տալիս իմ բարձունքից։
Ես հարուստ եմ, ես բախտավոր
Իմ ծննդյան պայծառ օրեն,
Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տվածն եմ տալիս իրեն։

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։
Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝
Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ...

1894

ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ
Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։
Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական
Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,
Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։
1887

* * *
Ա՜խ, ես երանի
Կայծա՜կ լինէի,
Որոտ-ճայթյունով
Մըռայլ ամպերից
Ժայթքեի ըմբոստ,
Զարկեի ուժգին,
Պատռեի խավար
Կամարը երկնի,
Ցույց տայի մարդուն
Գաղտնիքը վերին,
Որ տեսներ՝ այնտեղ
Ի՞նչ բան կա ահեղ,
Կամ ո՞վ է նըստած,
Եվ ո՞ւր է աստված․․․

Վահան Տերյան Հեկեկում

Հեկեկում է անվերջ,
Հեկեկում.
Մենավոր ու վհատ
Իմ հոգուն
Հարազատ —
Անհատնում, անպատում
Կսկիծով
Հեկեկում է տրտում,
Հեկեկում...

Մշուշոտ ու աղոտ օրերում
Գիշերները երկար ու անքուն
Փողոցում, դաշտերում, անտառում.
Անամոք իմ հոգում,
Անանուն և անտուն, և անքուն
Մղկտում է անվերջ,
Հեկեկո՛ւմ, հեկեկո՛ւմ, հեկեկո՛ւմ...

Վահան Տերյան Իմ սիրտը

Իմ սիրտը միշտ 
Մի անանուն 
Ցավ է տանջում,

Անանց մի վիշտ 
Խորը թաքուն 
Եվ անհնչյուն։

Կա մի մորմոք, 
Մի վիշտ անհուն, 
Որ չի ննջում,

Կա անամոք 
Մի տխրություն 
Ամեն ինչում...

Վահան Տերյան Հայտնություն

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլով, փառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….
Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։
Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար…

Վահան Տերյան Հրաժեշտ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Լուռ ու տխուր,
Հեզ գունատվող աստղի նըման։

Ես գնում եմ տրտում-մենակ,
Անժամանակ
Ծաղկից ընկած թերթի նըման։

Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
Սրտակըտուր
Լացըդ պահած իմ հայացքից։

Ես գնում եմ լուռ անտրտում,
Բայց իմ սրտում
Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ...

Վահան Տերյան Անծանոթ աղջկան

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ, 
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ:

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ:

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

Վահան Տերյան Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև... Ստվերներն անձև 
Դողում են դանդաղ... Պաղ, միապաղաղ 
Անձրև՜ ու անձրև ... 
Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ 
Անհանգստություն... 
Սպասիր, լսիր, ես չեմ կամենում 
Անցած լույսերից, անցած հույզերից 
Տառապել կրկին. 
Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից 
Իմ հիվանդ հոգին... 

Անձրև է, աշուն... Ինչո՞ւ ես հիշում, 
Հեռացած ընկեր, մոռացած ընկեր, 
Ւնչո՞ւ ես հիշում. 

Դու այնտեղ էիր, այն աղմկահեր 
Կյանքի մշուշում... 
Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում — 
Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս... 
Ես ցուրտ մշուշում. 
Իմ հոգու համար չկա արշալույս — 
Անձրև՜ է, աշո՜ւն... 

Վահան Տերյան Երկու ուրվական

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,
– ես ու դու.
Ես էլ դու եմ` ես չըկամ…
Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ,միշտ մենակ…
Մոռացել ենք անցյալում
Տրտունջք, թախիծ ու խավար.-
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ
մեզ համար…
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյուական,
Մենք մենակ ենք-ես ու դու,
Ես էլ դու եմ` ես չըկամ…

Վահան Տերյանի նամակը Մարթա Միսկարյանին

«…Տխուր է: Արդյոք երազա՞նքն է անիրականալիի մասին, թե՞ կարոտը անդառնալի-հեռավորի մասին, չգիտեմ: Ինչ-որ տարօրինակ զգացողություն է: Կարծես թե նամակը հին, վաղուց ծանոթ, մի ժամանակ մոտիկ եւ անակնկալ հեռացած մեկից է: Կարծես հարազատ եւ տարորեն-հեռու, գուցե առհավետ, նույնիսկ ամենից հավանական է, առհավետ հեռու մեկից: Մի՞թե մենք կհանդիպենք: Մի՞թե կմտերմանանք երբեւէ:
«Կուզենայի ավելի մոտիկ…» «Այդպես դասավորվեցին հանգամանքները»:
Ես էլ էի ուզում, հիշո՞ւմ եք:
Ինձ էլ խանգարեցին հանգամանքները: Բայց չէ որ մեզանից յուրաքանչյուրը կարող էր ասել՝ «ուզո՛ւմ եմ»: Եվ մոտենալ: Մի՞թե սարսափելի է մարդուն մոտենալը եւ մոտիկից նայելը: Երբեմն՝ այո: Բայց չէ՞ որ ամեն մեկը չարժե դրան: Գուցե ես էլ չարժեմ: Իսկ Դո՞ւք: Չգիտեմ: Բայց ես կուզենայի ավելի մոտիկ լինել, ինչպես եւ դուք, եւ համենայն դեպս մենք չմոտեցանք: Իսկ գուցե հենց դո՞ւք եք նա, որը չկա այս աշխարհում: Լավ է նրանց համար, ովքեր սիրում են եւ սիրված են: Նրանց համար հանգամանքներ չկան:
Եթե ես սիրեի՜: … Մի տեսակ քարացել է հոգիս: Սառել է:
Անկամ ու հոգնած:
Գարունն այստեղ աշնան պես է:
Անձրեւ ու անձրեւ:
Տխրություն:
Մենակություն: Մշտապես:
Մենք բոլորս այդպես ենք: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք, ում որ սիրում եք: Սիրուց լավ բան չկա:
Իսկ ո՞վ կձայնի մեզ՝, մեռածներիս՝ «ելեք»: Ո՞վ կասի մեզ, տրտումներիս ու միայնակներիս՝ հավատով ու տիրական` «սիրեցե՜ք եւ դուք կհաղթեք մահվան»:
Անձրեւ է: Ցեխ: Գիշեր: Միայնություն: «Հեռվություն»: Ի՜նչ սարսափելի հեռվություն: Մարդ կարողանար սպանել այս միայնությունը: Տա՛ աստված, որ ուժգին սիրեք… Հանդիպում ես, ծանոթանում, բաժանվում: Հավիտենական շրջապտույտ: Եվ հոգումդ վերստին դատարկություն է ու միայնություն: Եվ թախիծ: Հոգնածություն, մահացու հոգնածություն: Ինձ թվում է, թե ես մեռնում եմ: Ուզում եմ, որ երբկմեռնեմ, եւ շուրջս մահվան լռությունը կտիրի, գերեզմանիս վրա հանկարծ, բայց աննկատելի, երաժշտություն հնչի, որ ճերմակ շորերով մի աղջիկ բերկրալից խաղաղ տրտմությամբ լի, մի եղանակ նվագի անիրականալիի, հեռավորի, առհավետ հեռավորի մասին: Որ շուրջս ծաղկեն փաղքուշ, պայծառ անմոռուկներ, ինչպես լուսավոր տխրության եւ մեղմ ուրախության մեղեդի:Ախ, նորից այս տաղտկալին, աշնանայինը, հնազանդն ու մորմոքունը, սիրտ ճմլողը: Հավերժորե՜ն, հավերժորե՜ն:Մարդ ազատվեր սրանից, այս անբացատրելի, այս տարօրինակ տխրությունից: Այս սարսափելի հոգնածությունից: Այս տաղտուկից …»

Հովհաննես Թումանյան Խրճիթում

Մանուկները գոռում-գոչում, 
Լալիս էին աղեկեզ. 
-Նանի՛, նանի՛, հաց ենք ուզում, 
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ:
Հիվանդ նանը տեղի տակին 
Ծանր տընքաց տըխրալի. 
-Մենք հաց չունենք, ես ձեզ մատաղ, 
Ապին գնաց հաց բերի։ 
-Չէ՛, խաբում ես, սուտլիկ նանի, 
Դու ասացիր՝ քարափին 
Երբոր զարկի շողքն արեւի, 
Հաց կըբերի մեր ապին:
Արեւն եկավ անց էլ կացավ, 
Մենք սոված ենք դեռ էսպես. 
Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում, 
Վե՛ր կաց, նանի, հաց տուր մեզ: 
-Հաց չի գտել ձեր ապին դեռ, 
Տուն չի գալիս սեւերես. 
Քիչ էլ կացեք, իմ բալիկներ, 
Հիմի այնտեղ կերթամ ես... 
Մի մեծ ապի կա երկնքում, 
Նա շատ ունի այնտեղ հաց... 
Նա ձեզ այնքան շատ է սիրո՜ւմ... 
Նա չի թողնիլ ձեզ սոված... 
Կերթամ այնտեղ, նրան կասեմ, 
Որ սոված եք, իմ բալեք, 
Ձեզ համար շա՜տ-շա՜տ հաց կուզեմ, 
Որ դուք ուտեք, լաց չըլեք.. 
Ասավ, սեղմեց սովալըլուկ 
Զավակներին իր լանջին, 
Ու շըրթունքի վըրա դալուկ 
Սառավ համբույրը վերջին: 
Կըռներն էլ ետ չըբացվեցան 
Բազմաչարչար մայրիկի. 
Աչքը փակեց ու հավիտյան 
Գընաց, որ հաց ուղարկի:
Մանուկները գոռում, գոչում, 
Լալիս էին աղեկեզ. 
-Նա՛նի, նա՛նի, հաց ենք ուզում, 
Վե՛ր կաց, նա՛նի, հաց տուր մեզ: