Մանկական հեքիաթ

Գնացի ջաղաց: Ջաղացպանն ինձ ուղարկեց փայտի: Ման եկա, ման եկա, շատ փնտրեցի, փայտ չգտա: Վերջը գտա մի քոթուկ/կոճղ/: Խփեցի, խփեցի, շատ խփեցի ոտքով ու քարով, դուրս չեկավ տեղիցը: Ասացի.
-Ա՛յ քոթուկ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է կացինն ինձ կտրում:
-Ա՛յ կացին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է դարբինն ինձ ծեծում:
-Ա՛յ դարբին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է երկինքն ինձ տանում:
-Ա՛յ երկինք, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ամպը երեսս ծածկում:
-Ա՛յ, ամպ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, անձրևն ինչո՞ւ է մեջիցս վայր թափվում:
-Ա՛յ անձրև, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ եմ գետնին թափվում:
-Ա՛յ գետին, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ինձ վրա խոտ բուսնում:
-Ա՛յ խոտ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, տավարն ինչո՞ւ է ինձ արածում:
-Ա՛յ տավար, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է գայլն ինձ ուտում:
-Ա՛յ գայլ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, շունն ինչո՞ւ է փախցնում ինձ:
-Ա՛յ շուն, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է ծեծում ինձ պառավը:
-Ա՛յ պառավ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ ինձնից չի վախենում մուկը:
-Ա՛յ մուկ, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Թե որ քաջ եմ, ինչո՞ւ է բռնում ինձ կատուն:
-Ա՛յ կատու, ի՞նչ քաջ ես: Ասաց.- Այո, քաջ եմ, և այս մեծ տան պահողն եմ, մկներին մահ տվողն եմ, սուփրի ծայրին նստողն եմ, մեր շան աչքի գրողն եմ:

Комментарии

Популярные сообщения из этого блога

Ծերունին և ծովը/ վերլուծություն

Հյուրընկալ Ժավախքը